2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՔԵԶ ՓՆՏՐԻՐ ՔՈ ՏԱՆԸ»

«ՔԵԶ ՓՆՏՐԻՐ ՔՈ ՏԱՆԸ»
21.01.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
-Ի՞նչ ասաց կատվանապաստակը Ձեր ականջին:
-Ես ֆատալիստ եմ ու 2011-ին էլ, առաջ էլ, հետո էլ գիտեմ, որ կլինի այն, ինչ չի կարող չլինել:
-Այսինքն` նապաստակ-մապաստակ կապ չունե՞ն:
-Մարդը տիեզերական համակարգում միայն մի տարր է, որը ճշմարտության ու ոչ ճշմարտության միջև գտնվելով` ունի գործելու հնարավորություններ:
-ՀՀ տնտեսական իրավիճակը համապատասխանո՞ւմ է ներկայացվող պատկերին, մենք հաղթահարե՞լ ենք ճգնաժամը, անշեղ վերելքի ճանապարհի՞ն ենք, թե՞ արտագաղթում ենք, աշխատատեղեր չկան, գները թանկանում են առաջինից վերջին անհրաժեշտության ապրանքների շրջագծում, ո՞րն է իրականությունը, և որտե՞ղ է ճշմարտությունը, գործելու ի՞նչ հնարավորություններ կան:
-Երկիրը պետք է ունենա կառավարողներ, և նրանք պետք է իրենց կառավարումը համարեն լավ ու ճիշտ` դա բնական է: Հասարակությունն է իր մաշկի վրա զգում` լավ է, թե վատ. գները բարձրացան, արտագաղթը մեծացավ, եկամուտները շատացան, կենսամակարդակը բարձրացավ, պետությունը համապատասխան մակարդակի հասավ։ Սրանք ցանկություններ, նպատակներ, ձգտումներ են, որ կարող են լինել նաև իրատեսական ու ոչ իրատեսական: Ոմանց կարող է թվալ, որ իրենց ցանկությունները չեն կատարվել, ուրեմն սխալ է: Իբրև կանոն, իշխողները պետք է ասեն` ամեն ինչ լավ է, իշխվողները` գտնեն թերություններ ու սխալներ:
-Դուք ասում եք ընդհանրական կանոնը, ո՞ր դեպքն է Հայաստանը:
-Չէի ասի, թե լավագույն: Ճգնաժամը բավականին բարդ հասկացություն է, որ ամեն մեկը թույլ տա իրեն ճգնաժամի տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունների մասին խոսել: Նախ պետք է պատկերացնել` ինչ է ճգնաժամը, բայց շատ թեթևորեն աշխարհում ու Հայաստանում հասկացությունը մտել է շրջանառության մեջ ու քննարկվում է այն մակարդակով, որ չես էլ հասկանում` եղե՞լ է երկիրդ ճգնաժամի մեջ, թե՞ ոչ:
-Իրատեսական համարո՞ւմ եք պետբյուջեի թվերը, մենք կհասնե՞նք տնտեսական աճի, թե՞ թվերը կլինեն մի կողմում, ռեալ տնտեսությունն` իր կողմում, ու չեն հանդիպի իրար:
-Տնտեսական աճի մակրոցուցանիշը մի տվյալ է, որով կառավարողները հնարավորություն են ստանում գնահատելու իրենց գործունեությունը, քաղաքացին այդ տնտեսական աճը ոչ միայն հակված չէ, այլև չի կարող տեսնել, զգալ, շոշափել, ի վերջո` քաղաքացուն հետաքրքրում է` իր կյանքը դեպի լավը փոխվե՞ց, թե՞ ոչ: Տնտեսագիտորեն ու գեղագիտորեն նկարագրեք բազմանիշ աճ, նրան դա չի հետաքրքրում:
-Բնականաբար, ամեն մարդ իր մաշկով է աշխարհը զգում:
-Տնտեսական աճի վերաբերյալ ճիշտ պատկերացում է պետք: Կրկնում եմ` դա մասնագիտական հասկացություն է, որը գործառելուց առաջ ու հետո պետք է իմանաս` ում է ուղղված: Լրագրողական հարթության մեջ կարող ենք խոսել տնտեսական աճի հետևանքների ու ածանցյալների մասին: Տնտեսական աճի առումով փոքր երկրները, որոնք կենտրոնացված կառավարման մոդելից անցել են նոր` ազատական հարաբերությունների մոդելի, գտնվում են ավելի խոցելի վիճակում, տնտեսական աճի քանակական չափորոշիչները կարող են շատ մեծ թիվ ներկայացնել, բայց դա ոչինչ չնշանակի ռեալ կյանքում:
-Արտագաղթի նոր ալիքը, որ 60-65000-ի է հասել, ինչո՞վ է պայմանավորված:
-Արժանավայել եկամուտների բացակայության և դրանցում որևէ դրական տեղաշարժի անհեռանկարայնության պայմաններում, ֆինանսական առանց այդ էլ սուղ միջոցների պարտադիր կամ ավելի շուտ ստիպողական մոբիլիզացման և դրանց` երկրի իրական հատվածից արագորեն անհետանալու առումով, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը. սա օրենքներով ու իրականությամբ հաստատված իրողություն է: Պարզապես քաղաքացին, տնտեսավարող սուբյեկտը դրսում գտնում է ավելի մեծ հնարավորություններ ապրելու ու աշխատելու, քան տեղում, միակ բացատրությունը սա է:
-Այսինքն` բիզնեսի համար այլ երկրներ, այդ թվում` հարևան Վրաստանը, ունեն ավելի լավ պայմաններ, քան կան Հայաստանո՞ւմ:
-Հարկային բեռի առումով Հայաստանը, Համաշխարհային բանկի տվյալներով, առանց ԱԱՀ-ի, ունի 41 տոկոսի հասնող ճնշում...
-Մթնոլորտային ճնշման 16 տոկոսն էլ ավելացնենք, անտանելի չէ՞:
-Վրաստանում, օրինակ, 15 տոկոս է:
-Իրավիճակայի՞ն, օրենսդրակա՞ն, քաղաքակա՞ն լուծումների մեջ է բանալին:
-Այս պարագայում պետք են համալիր փոփոխություններ, որոնք ենթադրում են իրավական, կառուցվածքային, կադրային քայլեր, մեկ-մեկ դրանք կոչվում են բարեփոխում: Ժամանակն է ցույց տալիս` իսկապես բարեփոխո՞ւմ են, թե՞ ոչ այնքան: Ցանկացած բարեփոխում պետք է ունենա հիմնավոր կանխատեսումներ` վիճակի գնահատական, խնդիր, նպատակ, կատարման մեխանիզմ: Եթե այդ կանխատեսումները ճիշտ լինեն կամ իրականությանը մոտ, հետագա արդյունքները պետք չէ գուշակել: Հարցի այլ կողմն էլ կա` միայն հայերս ունենք մարդակերական ասույթ` «Որտեղ հաց, էնտեղ կաց», որ ամաչում ենք ասել, բայց պանդուխտը մեր արյան մեջ է նստած:
-Լավ կյանքից պանդուխտ չեն դառնում, հետո էլ արյունով, գեներով, հիշողությամբ պանդուխտին էլ հանգրվան է պետք:
-Մեր հանգրվանը մեր հայրենիքն է: Տար քո խաչը, ի՞նչ ես փնտրում օտար հայրենիքներում:
-Ինձ:
-Քեզ փնտրիր քո տանը ու նյութապաշտ մի՛ դարձիր, արժեքներդ մի՛ մանրացրու, անմահ հոգիդ մի՛ փոխանակիր մարմնիդ բարեկեցության հետ: Գաղափարը, միտքը, ճշմարտության որոնումը ամենադառը գործերն են, 99,9999 տոկոսով էլ շրջապատումդ պիղծ լինեն, քո 0,00000001 տոկոսով ավելին ես... Դրախտն էլ, դժոխքն էլ երկրի վրա են, մեր կողքին, մեր տեսողությունն է թույլ, մեր զգայունակությունը թույլ չի տալիս ընկալել, բայց դրանից նրանք չեն վերանում:
-Տարին նախընտրական է, Ձեր կարծիքով` քաղաքական դաշտում փոփոխություններ, վերադասավորումներ կլինե՞ն:
-Քաղաքական դաշտում կարող են փոփոխություններ լինել, բայց ավելի շատ արհեստածին: Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական դաշտը կառուցվածքային առումով բաժանվում է իշխանության և ընդդիմության միջև: Բայց և ակնհայտ է, որ որպես այդպիսին ընդդիմություն Հայաստանում չի ձևավորվում տարիներ շարունակ, դարեր շարունակ: Մեր ազգի մենթալիտետը երևի դա չի ընդունում, երբ հայը շատ նեղ վիճակում է հայտնվում, կարող է օտարանալ, հեռանալ իր երկրից: 20 տարիները երկար ժամանակահատված չէին, բայց բավարար ժամանակ էին, որ ցույց տային` որքանով է հայ ժողովուրդը համակերպվում արժանավայելությանն ու ոչ արժանավայելությանը։
-Հայ ժողովրդի 700-800 տարի պետականություն չունենալու փաստը ցույց չի՞ տալիս, որ մեր մենթալիտետը իշխանություն էլ չի ընդունում ու սիրում:
-Հայերն ինդիվիդուալիստներ են, իրենք իրենց համար իշխան էլ են, ընդդիմադիր էլ: Այդ հոգեբանությունը հաճախ թույլ չի տալիս որևէ հարցի շուրջ կոնսոլիդացվել:
-ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ինչպե՞ս կորակեք:
-Նորմալ:
-Իսկ ինչո՞ւ են շրջանառվում տարաձայնությունների, ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու ժամկետների, նախընտրական շրջանում ընդդիմադիր դառնալու լուրերը:
-Նոր ժամանակները նոր մտածողություն բերեցին նաև լրագրության աշխարհ: Որպես կանոն` այդ ոլորտի մարդիկ ավելի կարդացած են և հեռուն տեսնող, հաճախ նրանք լռությունն ուզում են լցնել, շարժում առաջացնել և հրապարակ են նետում լուրեր, որ մեկը մեկի հետ խայտառակ լավ է, մեկը մեկի հետ սարսափելի վատ է... Արհեստածին խոսակցություններ: Բարոյահոգեբանական մեր իրավիճակում ես ամեն ինչ նորմալ եմ համարում: Միջկուսակցական հարաբերությունները չեն կարող այդքան սրտաճմլիկ ու ազդեցիկ լինել մեր երկրի այսօրվա զարգացումների վրա:
-Խորհրդարանական ընտրություններից հետո ի՞նչ պատկեր կունենանք:
-Ես իրատես լավատես եմ և կարծում եմ, որ ինկուբացիոն առումով նորմալ ընթացքի մեջ ենք գտնվում, հավատացած եղեք, որ հետո ավելի լավ է լինելու, հաջորդ ընտրություններից հետո` ավելի, այսինքն` այս ճանապարհը կոչվում է ժողովրդավարական սկզբունքների իրականացում, բարոյահոգեբանական նոր լիցք, որակական փոփոխություններ:
-Ժողովրդավարության մեջ էական նշանակություն ունի բազմակուսակցական համակարգի կայացումը: Ձեր կարծիքով` Հայաստանում այդքան կայացած կուսակցություններ կա՞ն, որ կարողանանք անշեղ ժողովրդավարության հասնել, այն էլ` ընտրությունների միջոցով: Ֆանտաստիկայի ժանրից չէ՞:
-Տարածաշրջանային այսքան բարդ խնդիրների առկայությամբ անցած 20 տարիներին կուսակցական-գաղափարախոսական մեծ արդյունքնե՞ր էիք ուզում:
-Բա մեր ազնիվ ցեղը գնա-կորչի՞:
-Մեր ազնիվ ցե՞ղը: Տիեզերական միտքը, որ այսքան ժամանակ մեզ պահել է, թույլ չի տա կորչել: Մեր տեսակին ավելի կատարելագործում, արդիականացում է սպասում, անկախ մեր ցանկությունից` մենք ապրելու ենք այդ ժամանակահատվածը: Ժամանակային առումով մենք մաքսիմալիստներ ենք, ուզում ենք ամեն ինչի հասնել:
-Մեր կյանքի ժամանակը հիմա է, ուզում եք մինիմալիստ եղեք, ապագայի նվաճումները ապագային են վերաբերում:
-Կյանքի ժամանակը միայն նրանց համար է, ովքեր ապրում են իրենց փոքրիկ կյանքի ու փոքրիկ ժամանակի մեջ: Ժամանակը մեզնից դուրս է ու հավերժ է, ըստ էության` մահը կյանքի շարունակությունն է, ոչ ոք դեռ չի վկայել, որ ավելի վատ է այն աշխարհում, քան այս, ուստի մեզ հատկացված առավելագույն 70-80 տարիներին ամեն ինչ դժգույն է երևում...
-Մեռյալների տիբեթյան ու հնդկական գրքերը հաստատում են, որ մահից հետո անմիջապես սկսվում է մարդու ծնունդը, թեկուզ հերթական, այնուամենայնիվ, եզակի այս կյանքում ինչի՞ ակնկալիք պիտի ունենանք:
-Մեր ակնկալիքները կառարկայանան, երբ պահանջների կտրվածքով տրանսի մեջ չընկնենք: Ինչո՞ւ է Դանիել Դեֆոյի Ռոբինզոնը ոսկե գրականության մեջ մտել: Տերը ստեղծում է մարդուն լրիվ մեկուսացված վիճակում գոյատևելու համար. մարդը պետք է տեսնի` ինչ կարող է տալ հասարակությանը, ինչպես կարող է գոյատևել, որից հետո պահանջատեր դառնալ: Մենք ապրել ենք կենտրոնացված կառավարման համակարգում և վայելել ենք ուրիշի աշխատանքը, ինչպես Օստապ Բենդերն էր ասում` ապրել ենք հասարակության հաշվին, մեծ երկրի հաշվին, հիմա եկել է պահը, երբ ասում են` դուք ուրիշի հաշվին մի ապրեք:
-Մենք հիմա էլ ենք ուրիշի հաշվին ապրում` միջազգային ֆինանսական կառույցների տված գումարների, մեր պետական պարտքի մեծացման, մեր ժառանգների, բայց ոչ մեր:
-Պետական պարտքը մի դարձրեք օղապարան, եթե ըստ արժանվույն օգտագործենք այդ ռեսուրսները, բազմակի օգուտներ կքաղենք:
-Ձեր գնահատականով` ապագա խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն ի՞նչ հարաբերություններ կլինեն:
-Գրեթե հիմիկվա հարաբերությունների նման:
-Բոլորովին վերջերս Freedom House-ը ԼՂՀ-ում ժողովրդավարությունից նահանջ էր գրանցել, այն բացատրությամբ, որ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժ չէր եղել...
-Աշխարհի կանոնները ես հարգում եմ, բայց դա մեզ համար օղապարան չէ: Անկախ այն բանից, թե ինչ կառույցներ ինչ մոտեցումներ կորդեգրեն, ինչ անուններ կտան, ամենակարևորը մնում է կառավարումը, որի պարագայում ձևավորվում են ուժեր, որոնք ստացել են քաղաքական անունը, և թեկուզ մեկ հոգուց լինեն այդ ուժերը բաղկացած, ուզում են իշխանությունը վերցնել: Պատմությունը ոչ մի վկայություն չունի, որ որևէ մեկին երբևէ իշխանությունը հրամցվել է սկուտեղի վրա: Ովքեր ձգտում են իշխանության, իրենք էլ պիտի այդ իշխանությունը վերցնեն:
-Լավ, կատվանապաստակը ոչինչ չի ասել, բայց 2011-ին ի՞նչ կցանկանայիք նրանից:
-Անվտանգություն ու վեհություն, Տիրոջ պատվիրանների կատարում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ